Posted in Մայրենի

Չախչախ թագավորը: Հ. Թումանյան

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:
    Ջաղացպան-Ջրաղացպան
    Փոստալ-փոստալի
    Բաղարջ- Բաղարջ հաց
     Լինգ-Լինգի
    Կոտ-Փայտե աման
  2. Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:
  3. Կանաչով նշված դարձվածԲքի իմաստը գրեք մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:
  4. Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:
  5. Տեքստից գտեք նշված բառերի հականիշները՝ հարուստ, շատ, կենդանացնել, վատություն, տանել։
  6. համացանցում կարդացեք, թ եինչ է կոտը ու ինչո՞ւ թագավորը զարմացավ, որ ինչ-որ մեկը ոսկին կոտով է չափում։
  7. Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:
  8. Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:

Բ

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։

Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… հիմի ես ի՞նչ անեմ..

— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։

— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…

Նստում են ճաշի։ Տեսակ տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվե′ս ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։

— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դաոնում է քավոր։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, գրեք և սովորեք:
  2. Կապույտով նշված բարդ բառերից յուրաքանչյուրի արմատներով կազմել մեկական բարդ բառ, ընդամենը՝ 4 բառ:
  3. Կկանաչով նշված դարձվածքի իմաստները բացատրել:
  4. Ի/նչ հնարամտություն է բանեցնում աղվսը, որ ջաղացպանին թագավորական շորերով ու կառքով ապահովի։
  5. Ինչո՞ւ էր ջաղացպանը հարսանիքին նստել և ոչինչ չէր ուտում։
  6. Արդյո՞ք աղվսն ջաղացպանի լավության տակից դուրս եկավ։ Պատասխանը հիմնավորեք։
  7. Մուգ կարմիրով նշված նախադասության կոչակնն ու նրա լրացումը գտնել, դրանց դիրքը փոխել՝ դնելով սկզբում, մեջտեղում և կետադրել:
  8. Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք գործիական հոլովով դրված 5 բառ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *